ԶԱՐԳԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ է անկաշկանդ միջավայր, որտեղ նա կկարողանա արձագանքել շրջապատին:Նախակրթարանում ուսուցումը զարգացման բնականոն գործընթացն ամրապնդող միջոց է: Սա էապես տարբերվում է դպրոցական ուսուցումից քանի որ ամեն ինչ արվում է խաղի ու գործունեության միջոցով։ Այս գործընթացին մեծապես նպաստում է միջավայրը: Նախադպրոցական կրթության մասին խոսելիս հաճախ ենք ասում «զարգացնող միջավայր»։

Որպեսզի միջավայրը զարգացնող լինի, այն պետք է’
• հնարավորություն տա երեխայի անհատական զարգացմանը,
• մղի երեխային ինքնաբուխ, ստեղծագործական գործունեության,
• համապատասխանի երեխայի կարիքներին եւ զարգացման մակարդակին:Նախադպրոցականների համար ուսումնառությունը խաղ է, իսկ խաղը’ ուսումնառություն, ուստի այս երկու գործընթացները չի կարելի միմյանցից բաժանել:

Ուստի շատ կարեւոր է 5-6 տարեկան երեխաների ուսուցումը կազմակեպելիս հաշվի առնել զարգացնող միջավայրին ներկայացվող հետեւյալ պահանջները:

Ինչպիսի՞ն պիտի լինի նախակրթարանի Ֆիզիկական միջավայրը:

Ներքին եւ արտաքին ֆիզիկական միջավայրը պետք է լինի ապահով, մաքուր, գրավիչ եւ ընդարձակ, ունենա տարածք բացօթյա խաղահրապարակում: Աշխատակազմը պետք է մինչեւ երեխաների գալը միջավայրը նախապես պատրաստելու բավարար ժամանակ ունենա:

Աշխատանքային կենտրոնները պետք է հստակորեն սահմանված եւ տարաբաժանված լինեն տարածական առումով: Տարածքը պետք է դասավորված լինի այնպես, որ երեխաները կարողանան աշխատել անհատապես, միասին, փոքր կամ մեծ խմբերով: Տարածքի դասավորությունը պետք է թույլ տա երեխաներին ազատ տեղաշարժվել մի կենտրոնից մյուսը՝ առանց մյուսների ուշադրությունը շեղելու:

Տարածքի դասավորությունը պետք է թույլ տա, որ երեխաները կարողանան զբաղվել իրենց տարիքին համապատասխան բազմազան եւ տարբեր տեւողություն պահանջող աշխատանքներով:

Բավարար քանակով, բազմատեսակ ու դիմացկուն նյութերը եւ սարքավորում- ները պետք է լինեն երեխաների տարիքին համապատասխան եւ դրված լինեն նրանց համար մատչելի տեղում, այսինքն’ ցածր եւ բաց դարակների վրա, որտեղից երեխան կարող է ազատ եւ ինքնուրույն օգտվել: Նյութերը փոփոխվում են եւ հարմարեցվում երեխաների հետաքրքրություններին:

Երեխաների համար պետք է ապահովել առանձին տեղ’իրենց հագուստը կախելու եւ անձնական իրերը պահելու համար:

Երեխաների համար պետք է ապահովել տեղ, որտեղ կարելի է առանձնանալ:

Արտաքին միջավայրը պետք է ներառի տարբեր տիպի մակերեսներ, ինչպիսիք են՝ հողը, ավազը, խոտը, հարթ ու խորդուբորդ հատվածները, կոշտ տարածքը եւ այլն: Արտաքին միջավայրը կարող է լինել ստվերոտ, բացօթյա, փորելու, որեւէ բան քշելու, մագլցելու, հավասարակշռելու, առանձին խաղալու հնարավորություն ապահովող: Արտաքին միջավայրը պաշտպանվում է ցանկապատով կամ որեւէ բնական արգելամիջոցով, որով այն առանձնացվում է փողոցից եւ այլ վտանգներից:

Ուսումնական հաստատության ֆիզիկական միջավայրի առանձնահատկությունները

Ուսումնական միջավայրը երեխաներին տալիս է ժամանակ եւ հնարավորություններ ճանաչելու իրենց շջապատող աշխարհը եւ ստեղծագործաբար արձագանքելու աշխարհում կատարվող երեւույթներին: Ուսումնական միջավայրն իր բնույթով սոցիալական է եւ ստեղծում է խթանող եւ ապահով մթնոլորտ բոլոր երեխաների համար: Այն երեխաներին ժամանակ եւ հնարավորություններ է տալիս գործելու համարձակորեն, ուսումնասիրելու եւ հետազոտելու իրենց աշխարհը: Երեխաները ձեռք են բերում փորձ, որը խրախուսում է շփվելու մյուսների հետ, զարգացնելու միջանձնային հմտություններ, աշխատելու եւ սովորելու համագործակցաբար:
Ուսումնական հաստատության ֆիզիկական միջավայրը ներգործում է երեխաների հետաքրքրությունների, վարքի եւ մշակույթի վրա: Այն ընդգրկում է ուսումնական հաստատության ողջ շրջակայքը: Գեղագիտական ճաշակով եւ հարմարավետությամբ աչքի ընկնող խմբասենյակները լավ են անդրադառնում թե’ երեխաների, թե’ դաստիարակների վրա: Կահույքի դասավորությունը պատկերացում է տալիս, թե ինչ նպատակով է օգտագործվում տվյալ տարածքը: Այն նաեւ կարեւոր է անցուդարձի, անվտանգության ապահովման, աղմուկի եւ դաստիարակի դիտարկման տեսանկյունից:
Ուսումնական հաստատության ներքին եւ արտաքին տարածքի նախագիծը պետք է լինի նպատակային եւ լավ մտածված: Լավ նախագծված միջավայրը նպաստավոր է երեխաների խմբային խաղերի, շփման, անկախ տեղաշարժման եւ խնդիրների լուծման համար: Երեխաները համակվում են ոգեւորությամբ, եւ նրանց գրավում է սովորելու, նյութերը մանրազննին ուսումնասիրելու, նոր նյութեր հայտնաբերելու միտքը: Ուսումնական հաստատության նյութական միջավայրը ներառում է նաեւ հարմար կահավորված սանհանգույց, խաղասենյակ, ննջասենյակ (հանգստի սենյակ), , խոհանոց, հանդերձարան, այգում կամ բակում բացօթյա խմբասենյակ՝ ամառային պարտեզ:

Оставьте комментарий